կենսագրություն

Ավետիս Արայի Պուլուզյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան քոլեջում՝ սերտելով «Բուժակ զինված ուժերում» մասնագիտությունը:

2018 թ. ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: 2019 թ. հուլիսին զորակոչվել է Արցախի պաշտպանության բանակ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին և պարգևատրվել պատվոգրով դասընթացների քնություններում լավագույն արդյունք ցուցաբերելու համար:

Վերադառնալով Արցախ, շարունակել է զինվորական ծառայությունը որպես սանհրահանգիչ՝ ստանալով կրտսեր սերժանտի զինվորական կոչում:
2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը եղել է Արցախի հարավ-արևելյան ճակատում՝ Արա լեռի շրջանում, ապա Հադրութի մերձակայքում մասնակցելով թեժ մարտերի:

Նահատակվել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից:
Հրամանատարի վկայությամբ՝ մարտերի ընթացքում Ավետիս Պուլուզյանը բոլորի հանդեպ ցուցաբերել է հոգատարություն և ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ավոն ընկերների և շրջապատի կողմից հիշվում է որպես ազնիվ ու բարեկիրթ անձնավորություն:

Արցախի հանրապետության նախագահի ՆՀ-1493-Ա առ 10.03.2021թ. հրամանով Ավետիս Արայի Պուլուզյանը հայրենիքին մատուցած ծառայության և անձնական խիզախության համար հետմահու պարգևատրվել է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մեդալով: