1998 թվականից Արցախում գործում էր «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնը, որն իր գործունեությամբ միակն էր Արցախում և սպասարկում էր Արցախի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց՝ առանց տարիքային սահմանափակումների։
Կենտրոնը ստեղծվել էր վերականգնողական բուժում ցուցաբերելու Արցախյան պատերազմից տուժած զինվորական և քաղաքացիական անձանց։ Ապագայում, լինելով միակը տարածաշրջանում, ծառայությունները հասանելի էին Արցախի Հանրապետության բոլոր այն անձանց, ովքեր դրա կարիքը ունեին։
Կենտրոնը տարեկան սպասարկել է հաշմանդամություն ունեցող 2000 շահառու, ինչպես նաև ստեղծման օրվանից ունեցել է տնային այցելության բաժանմունք, որը սպասարկել է տարեկան 500-ից ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անձանց։
Արցախից բռնի տեղահանվելու հետևանքով՝ կենտրոնի 25 տարվա գործունեությունն ընդհատվել է, իսկ կենտրոնի ողջ գույքը մնացել է հակառակորդի տիրապետության տակ, բացի մասնագիտական տրանսպորտային միջոցներից, որոնք տեղափոխվել են ՀՀ։ Այժմ ՀՀ պետռեգիստրում գրանցվել է վերականգնողական կենտրոնի՝ նույն անունը կրող հասարակական կազմակերպություն, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրել նմանատիպ վերականգնողական կենտրոն, որը կծառայի Արցախից բռնի տեղահանվածներին և Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքը կունենան։
Մինչև կենտրոնի համար նախատեսված շենքի շինարարական աշխատանքի ավարտն ու համապատասխան կարգավորումները, 2024 թվականի հունվարից վերականգնողական կենտրոնը սկսել է տնային այցելության բաժանմունքի գործունեությունը, որի արդյունքում տրամադրվում է անհրաժեշտ բժշկական պարագաներ, ինչպես նաև՝ մասնագիտական խորհրդատվություն։ Այս պահին կենտրոնը սպասարկում է 200 շահառուի, որոնց թիվը գնալով մեծանում է։
Վերականգնողական կենտրոնի թերապիստները արդեն մեկ տարի է ք․ Երևանի Ազգային այրվածքաբանական կետնրոնում վերականգնողական բուժում են իրականացնում Արցախում բենզինի պահետսի պայթյունից տուժած, տարբեր աստիճանի վիրավորում ստացած տղաներին։
Կենտրոնը համագործակցում է նաև «Լուսէ» հիմնադրամի հետ՝ հարյուր երեխաների համար համատեղ իրականացնելով «Բռնի տեղահանված և տեղաբնակ երեխաների զարգացում կիրակնօրյա դպրոցի և վերականգնողական ծառայությունների միջոցով» ծրագիրը։