«Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնը

1998 թվականից Արցախում գործում էր «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնը, որն իր գործունեությամբ միակն էր Արցախում և սպասարկում էր Արցախի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց՝ առանց տարիքային սահմանափակումների։

Կենտրոնը ստեղծվել էր վերականգնողական բուժում ցուցաբերելու Արցախյան պատերազմից տուժած զինվորական և քաղաքացիական անձանց։ Ապագայում, լինելով միակը տարածաշրջանում, ծառայությունները հասանելի էին Արցախի Հանրապետության բոլոր այն անձանց, ովքեր դրա կարիքը ունեին։

Կենտրոնը տարեկան սպասարկել է հաշմանդամություն ունեցող 2000 շահառու, ինչպես նաև ստեղծման օրվանից ունեցել է տնային այցելության բաժանմունք, որը սպասարկել է տարեկան 500-ից ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անձանց։

Արցախից բռնի տեղահանվելու հետևանքով՝ կենտրոնի 25 տարվա գործունեությունն ընդհատվել է, իսկ կենտրոնի ողջ գույքը մնացել է հակառակորդի տիրապետության տակ, բացի մասնագիտական  տրանսպորտային միջոցներից, որոնք տեղափոխվել են ՀՀ։ Այժմ ՀՀ պետռեգիստրում գրանցվել է  վերականգնողական կենտրոնի՝ նույն անունը կրող հասարակական կազմակերպություն, որի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրել նմանատիպ վերականգնողական կենտրոն, որը կծառայի Արցախից բռնի տեղահանվածներին և Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքը կունենան։

Մինչև կենտրոնի համար նախատեսված շենքի շինարարական աշխատանքի ավարտն ու համապատասխան կարգավորումները, 2024 թվականի հունվարից  վերականգնողական կենտրոնը  սկսել է տնային այցելության բաժանմունքի գործունեությունը, որի արդյունքում տրամադրվում է անհրաժեշտ բժշկական պարագաներ, ինչպես նաև՝ մասնագիտական խորհրդատվություն։ Այս պահին  կենտրոնը սպասարկում է 200 շահառուի, որոնց թիվը գնալով մեծանում է։

Վերականգնողական կենտրոնի թերապիստները արդեն մեկ տարի է ք․ Երևանի Ազգային այրվածքաբանական կետնրոնում վերականգնողական բուժում են իրականացնում Արցախում բենզինի պահետսի պայթյունից տուժած, տարբեր աստիճանի վիրավորում ստացած տղաներին։

Կենտրոնը համագործակցում է նաև «Լուսէ»  հիմնադրամի հետ՝  հարյուր երեխաների համար համատեղ իրականացնելով «Բռնի տեղահանված և տեղաբնակ երեխաների զարգացում կիրակնօրյա դպրոցի և վերականգնողական ծառայությունների միջոցով» ծրագիրը։